Գինու, թթի փառատոն, համերգային ծրագրեր. Արցախի հանրահռչակման առումով տարին բավական հագեցած է լինելու

Գինու, թթի փառատոն, համերգային ծրագրեր. Արցախի հանրահռչակման առումով տարին բավական հագեցած է լինելու

Արցախը նախատեսում է ընթացիկ տարում վերականգնել ապրիլյան պատերազմից առաջ եղած զբոսաշրջային ցուցանիշներն ու առաջ անցնել: 2016 թվականին այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ իրականացվել են: Եվ եթե ապրիլյան պատերազմից հետո Արցախի զբոսաշրջային ցուցանիշն անկում էր ունեցել 40 տոկոսի չափով, ապա իրականացված աշխատանքի արդյունքում նախորդ տարեվերջին հնարավոր է եղել այդ ցուցանիշը դարձնել 16 տոկոս: Այս տարի Արցախի էկոնոմիկայի նախարարությունը տարբեր ուղղություններով նախատեսել է մի շարք ծրագրեր ու միջոցառումներ, որոնցով նախատեսում են վերականգնել նախկին ցուցանիշները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ Արցախի հանրահռչակման առումով տարին բավական հագեցած է լինելու:

Նախ Արցախը կմասնակցի մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: Դրանից բացի, ընթացիկ տարում Արցախում կազմակերպվելու են զբոսաշրջության զարգացմանն ուղղված փառատոններ: Սերգեյ Շահվերդյանն այդ միջոցառումներից առանձնացրեց սեպտեմբերին անցկացվող Արցախի գինու փառատոնը, որը 4-րդ անգամ է կազմակերպվելու: Փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում է գինեգործության հնագույն և ինքնատիպ ծիսակատարություն` գինի ճզմելը, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոներ ի ցուցադրություն և, իհարկե, գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ: Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ այն արդեն ավանդական միջոցառում է դարձել ոչ միայն արցախցիների, այլև զբոսաշրջիկների համար:

Փառատոններից այս տարի ծրագրվում է նաև իրականացնել Թթի փառատոնը: Արցախում կազմակերպվող Թթի փառատոնը նոր լույսի ներքո ներկայացնում է տարածաշրջանում թթի մշակման, դրանից օղի թորելու և մետաքսագործության ավանդույթները: Փառատոնի ընթացքում առանձին տաղավարներում ներկայացվում են թթից ստացված բարիքները` օղին, դոշաբը, չամիչը, մուրաբան, բացի դրանից, ցուցադրվում են արցախյան թթի օղու և դոշաբի պատրաստման ավանդական եղանակները, թթի օղու թորման մշակույթը:

«Արցախը զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ ունի, այն հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, հնավայրերով, արգելոց-թանգարաններով: Արցախն առանձնանում է իր խոհանոցով, որն անտարբեր չի թողնում զբոսաշրջիկներին: Արցախում պատրաստված թթի օղին և ժենգյալով հացը կարծես բրենդ են դարձել»,-ասաց Սերգեյ Շահվերդյանը: Այս ամենից բացի, Արցախում զբոսաշրջիկներին գրավում է տեղի բնակիչների անմիջականությունը, ջերմ միջավայրը, հյուրասիրությունը, պահպանված ավանդական կենսակերպը: Արցախ են այցելում օտարազգի զբոսաշրջիկներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից , Իրանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից: Տարվա ընթացքում նաև հայերի մեծ հոսք է նկատվում տարբեր երկրներից:

Ի դեպ, 2017 թվականը ՀՀ սփյուռքի նախարարությունը հայտարարել է Արցախի տարի: Այդ նախաձեռնության մեջ կարևոր բաղադրիչ է զբոսաշրջությունը: Այդ համատեքստում Արցախն ակտիվորեն աշխատում է Սփյուռքի նախարարության հետ:

Աննա ԳԶԻՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում