Կարոտում ենք, սակայն գլուխներս բարձր է. Դեմիրթաշը բանտից դիմել է Հրանտ Դինքին

Կարոտում ենք, սակայն գլուխներս բարձր է. Դեմիրթաշը բանտից դիմել է Հրանտ Դինքին

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կալանավորված համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Էդիրների բանտից գրել է պոլսահայ մտավորականի մասին` խոսելով իր հույզերի ու ապրումների մասին: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է «Ակոս»-ում հրապարակված Դեմիրթաշի գրառման թարգմանությունը:

«Հրանտ Դինքի` մեզնից գնալու տասներորդ տարում ենք: Նախորդ 10 տարիներին, ցավոք, չկարողացանք մեր երկիրը վերածել ազատ ապրելու երկրի: Այդ պատճառով Հրանտի առջև պարտավորություն ունենք: Սակայն նաև չծնկեցինք:

Անգամ եթե Հրանտի մարդասպաններն ու նրանց թիկունքում գտնվող անձինք շարունակեն մնալ պաշտպանության ներքո, մենք մարդասպանին լավ գիտենք` այնպես, ինչպես գիտենք Սուրուչի, Անկարայի մարդասպաններին, Ռոբոսկիի մարդասպաններին… Սիրելի Ռաքելը խոսում էր «մի երեխային մարդասպան դարձրած մտածելակերպի մասին». այդ մտածելակերպի դեմ մեր պայքարը շարունակվում է և ընդմիշտ կշարունակվի: Ցանկանում եմ, որ իմանաք դա: Տխուր եմ, որ բանտում գտնվելու պատճառով այս տարվա հիշատակի արարողություններին չեմ կարողանալու մասնակցել: Սակայն անգամ այստեղ գտնվելով շարունակում եմ Հրանտի համար արդարության պայքարը: Այս հանցագործությունն ուղղված էր ժողովուրդների համակեցության դեմ: Հրանտի անձով մեզ բոլորիս թիրախավորեցիք: Մենք շարունակելու ենք պայքարել` հանուն Հրանտի մեջ գտնվող յուրաքանչյուր մարդու արդարության փնտրտուքի և դրա իրականացման:

Ախպարիկ: Կարոտում ենք, սակայն գլուխներս բարձր է, ինչպես և ցանկանում էիր տեսնել:

Հիշում եմ հարգանքով և պատկառանքով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում