Էրդողանը խոստացել է Պոլսո պատրիարքական ընտրության հարցը լուծել հանրաքվեից հետո

Էրդողանը խոստացել է Պոլսո պատրիարքական ընտրության հարցը լուծել հանրաքվեից հետո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին նախագահական պալատում ընդունել է հայկական համայնքների հիմնադրամների միության և Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը:

Հանդիպումը տեղի է ունեցել լրագրողների համար փակ ձևաչափով: Այն տևել է շուրջ մեկ ժամ: Հանդիպման արդյունքների մասին Շիրինօղլուն «Ժամանակ» պարբերականին մի շարք տվյալներ է փոխանցել:

Նա հայտնել է, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերի շարքում եղել է պատրիարքի և համայնքային հաստատություններում ընտրություն անցկացնելու հարցը:

«Էրդողանն ասել է, որ տեղյակ է այս հարցում ունեցած ակնկալիքներից: Նրա խոսքով` հապաղումն ունի երկու հիմնական պատճառ: Առաջինը` հայկական համայնքի ներսում առկա տարաձայնություններն են: Երկրորդը` պետական մարմինների չափազանց ծանրաբեռնվածությունն է: Էրդողանը հայտնել է, որ պատկան մարմինները շարունակում են զբաղվել Թուրքիայի հայկական համայնքի խնդիրների լուծման հնարավորություններով: Մոտալուտ հանրաքվեից հետո պետք է լուծվեն պատրիարքական ընտրության, ինչպես նաև համայնքային ընտրությունների հարցերը»,- գրում է պարբերականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում