Ֆրանսիայում Լե Պենը, Ֆիյոնը եւ Մարկոնը նախագահի ընտրությունների առաջին փուլի առաջատարներն են

Ֆրանսիայում Լե Պենը, Ֆիյոնը եւ Մարկոնը նախագահի ընտրությունների առաջին փուլի առաջատարներն են

Ֆրանսիացիների մեծամասնությունը երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլում մտադիր են քվեարկել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենի, հանրապետության նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Ipsos եւ Sopra Steria հետազոտական ընկերությունների եւ Cevipof քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից Monde հրատարակության համար անցկացված հարցման արդյունքները:

Հետազոտության մեջ ներկայացված է նախագահական ընտրությունների առաջին փուլում իրադարձությունների զարգացման հնարավոր մի քանի տարբերակ: Հարցման մասնակիցներին առաջարկվել է պատասխանել հետեւյալ հարցին՝ «Եթե նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվեր հաջորդ կիրակի, որ թեկնածուի օգտին առավել մեծ հավանականությամբ կքվեարկեիք»:

Արդյունքների համաձայն, առաջին փուլի առաջարկված բոլոր սցենարներում պոտենցիալ ընտրողների մեծամասնությունը մտադիր է քվեարկել Լե Պենի օգտին՝ 25-ից 26 տոկոս: Նրան հաջորդում է Ֆիյոնը. նրա օգտին մտադիր է քվեարկել հարցման մասնակիցների 24-25 տոկոսը, իսկ 19- 21 տոկոսը՝ Մակրոնի օգտին:

Հարցումը, որին մասնակցել է 15 հազար 921 մարդ, անցկացվել է հունվարի 10-15-ն ընկած ժամանակաշրջանում:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: BVA հասարակական կարծիքի կենտրոնի եւ Salesforce ընկերության կողմից անցկացված հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են դեկտեմբերի 7-ին, երկրորդ փուլ կանցնեն «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը եւ նրա ընդդիմախոսը՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Դրա հետ մեկտեղ հարցումը նշում է Ֆիյոնի զգալի առավելությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում