Դինքի մահից հետո Թուրքիայում շատերը հասկացան, թե ինչ է կատարվել հայերի հետ. Եդվարդ Դանզիկյան

Դինքի մահից հետո Թուրքիայում շատերը հասկացան, թե ինչ է կատարվել հայերի հետ. Եդվարդ Դանզիկյան

Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մահից հետո Թուրքիայում շատերը սկսեցին հասկանալ, թե այդ երկրում ինչ է կատարվել հայերի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց «Ակոս» պարբերականի ներկայիս գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը` խոսելով Դինքի ֆենոմենի և Թուրքիայում նրա մտցրած փոփոխությունների մասին:

«Հրանտ Դինքի սպանությունից հետո նրա գաղափարները շատ ավելի տարածվեցին: Նրան սպանողները գուցե չէին մտածել այդ մասին: Դինքի հուղարկավորությանը մասնակցեց 100 հազար մարդ: Այդ օրվանից նա դարձավ այն մարդը, ում սկսեցին հղում անել և նրա գաղափարների մասին խոսել ամեն անգամ, երբ օրակարգում էր հայտնվում հայկական հարց»,– ասաց Դանզիկյանը` նշելով, որ Հրանտի ձայնը շարունակում է լսելի լինել ուժեղ ձևով:

«Նրա մահից հետո Թուրքիայի հասարակությունում ավելի շատ մարդիկ սկսեցին հասկանալ, թե հայերն ինչ են ապրել: Անգամ հայկական հարցի նկատմամբ պետության տեսակետում որոշ ժամանակ փափկացում նկատվեց: Սակայն վերջին տարիներին ականատեսն ենք հայկական հարցի վերաբերյալ պետական տեսակետում գրանված հետընթացին: Մեջլիսի նիստում ունեցած ելույթի պատճառով հայ պատգամավոր Գարո Փայլանի գլխին եկածն այս գործընթացի ամենակարևոր ապացույցն է»,- եզրափակեց «Ակոս»-ի գլխավոր խմբագիրը:

Արաքս ԿԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում