Չինական ռոբոտ-լրագրողը հրապարակել է իր առաջին հոդվածը

Չինական ռոբոտ-լրագրողը հրապարակել է իր առաջին հոդվածը

Մինչ մեդիաբնագավառի փորձագետները բանավիճում են լրագրողի մասնագիտության ապագայի շուրջ, իսկ տասնյակ հազարավոր ուսանողներ ամբողջ աշխարհում ուսանում են պրոֆիլային ֆակուլտետներում, Չինաստանում մշակված Սյաո Նյան անունով ռոբոտ-թղթակիցը տեղական օրաթերթում հրապարակել է իր դեբյուտային հոդվածը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել է China News գործակալությունը, Սյաո Նյանի՝ 300 հիերոգլիֆներից բաղկացած հոդվածը լույս է տեսել Southern Metropolis Daily թերթում, որը թողարկվում է Գուանչժոու քաղաքում: Ռոբոտ-լրագրողն իր նյութը նվիրել է չինական մոտեցող Ամանորին՝ Չունցզեին, նախորդող ուղեւորությունների բումին:

Հաղորդվում է, որ ռոբոտից մեկ վայրկյան է պահանջվել նյութն ավարտելու համար: Պեկինի համալսարանի պրոֆեսոր Վան Սյաոցզյունի խոսքով, որն զբաղվում է մեդիա-ռոբոտի մշակմամբ, Սյաո Նյանը կարող է գրել ինչպես կարճ, այնպես էլ բավականին երկարաշունչ տեքստեր:

«Հաստիքային թղթակիցների համեմատությամբ, Սյաոն տվյալները վերլուծելու եւ տեքստերն ավելի արագ գրելու զգալիորեն ավելի մեծ ունակությամբ է օժտված»,-նշում է պրոֆեսորը:

Սակայն, ինչպես հավելել է Վան Սյաոցզյունը, դա չի նշանակում, որ խելացի ռոբոտները մոտ ժամանակներս կկարողանան լիովին փոխարինել լրագրողներին: Ռոբոտները դեռեւս չեն կարողանում հարցազրույց անցկացնել դեմ առ դեմ ձեւաչափով եւ լրացուցիչ հարցեր տալ: Այնուամենայնիվ, պրոֆեսորը լավատեսորեն է տրամադրված նոր տեխնոլոգիաների ապագայի հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում