Արմեն Սարգսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պետնախարարի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ պետնախարարի հետ

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի ու Ամերիկայի հարցերով պետական նախարար Ալան Դանքանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ–բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին, արձանագրված առաջընթացին և հետագա անելիքներին:

Ընդգծվել է քաղաքական երկխոսության զարգացման ուղղությամբ համատեղ ձեռնարկվող քայլերի կարևորությունը։ Դեսպան Սարգսյանը նշել է ոլորտային փոխգործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները և առաջիկա ծրագրերը, որոնք առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաների, բանկային, ֆինանսական, ինչպես նաև մշակութային ոլորտներին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Տեղեկանք. Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հունվարի 20-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում