Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Վարշավայի համալսարանում

Հայաստանի դեսպանը հանդիպում է ունեցել Վարշավայի համալսարանում

Վարշավայի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը հունվարի 19-ին կազմակերպել էր առաջին կուրսի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպումը Լեհաստանում հավատարմագրված օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վարշավայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Մարչին Պալիսը և Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Պյոտր Տարախան: Նրանք կարևորել են նման ձևաչափով հանդիպումները՝ վստահություն հայտնելով, որ դրանք կարող են շատ օգտակար լինել առաջին կուրսի ուսանողների համար:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով հանդես է եկել Հայաստանի մասին համառոտ զեկույցով՝ մասնավորապես անդրադառնալով հայ ժողովրդի հազարամյա պատմությանը, քրիստոնեական հարուստ ժառանգությանը: Դեսպան Ղազարյանն ընդգծել է, որ 2017 թվականին լրանում է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը, որոնք վերահաստատում են հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Դեսպան Ղազարյանն ուսանողներին առաջարկել է առավել խորությամբ ծանոթանալ Հայաստանի պատմությանը և մշակույթին՝ միաժամանակ նշելով, որ այդ հարցում կարող են ակնկալել Լեհաստանում ՀՀ դեսպանության աջակցությունը։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել ազգային խոհանոցի բարիքների հյուրասիրություն, որին առանձին տաղավարով մասնակցում էր նաև Լեհաստանում ՀՀ դեսպանությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում