Հայաստանի մարզերի արվեստի դպրոցների սաները Երևանում հանդես եկան համերգային ծրագրով

Հայաստանի մարզերի արվեստի դպրոցների սաները Երևանում հանդես եկան համերգային ծրագրով

«Մշակութային կրթության աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ հունվարի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ՀՀ մարզերի շնորհալի երեխաների հաշվետու համերգը: «Համերգն անցկացվում է «Մեթոդական օգնություն» ծրագրի շրջանակում: Ներկայացնում ենք տարբեր մեթոդաբանների գործունեության արդյունքը»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Մշակութային կրթության աջակցություն» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը:

Տնօրենի խոսքով` սա մարզային ծրագիր է, որի նպատակը մարզերի երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներին աջակցելն ու օգնելն է: «Վերջին տարիներին շրջանների և քաղաքների դպրոցների կապը կարծես ընդհատվել է: Մենք փորձում ենք անել ամեն բան, որպեսզի մարզերում բնակվող երեխաները ակտիվ մասնակցեն երկրի մշակութային կյանքին»,-ընդգծեց Սարգսյանը:

Համերգային ծրագրին իրենց մասնակցությունն ունեցան ՀՀ բոլոր մարզերից տարբեր տարիքային խմբերի երեխաներ: Նրանք հանդես եկան ժողովրդական, փողային, վոկալային և այլ կատարումներով:

«Երևանում բազմաթիվ ելույթներ ենք ունեցել և մեզ միշտ բուռն ծափահարություններով, սիրով են ընդունել: Կարծում եմ` նման համերգները և ծրագրերին մասնակցելը անհրաժեշտ են երեխաներին նրանց կրթական մակարդակը բարձրացնելու, շփումներ հաստատելու համար»,-ասաց Արարատի մարզի Ղազարոս Աղայանի անվան արվեստի դպրոցի ուսմասվար Ռիտա Գևորգյանը:

Համերգի կազմակերպմանն ու իրականացմանը աջակցել են ՀՀ մշակույթի և տրանսպորտի նախարարությունները:

Մարզային նախագիծն իրականացվում է 2008 թվականից: «Մշակութային կրթության աջակցություն» հիմնադրամն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, վարպեության դասեր: Այդ նպատակով ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ Հայաստան են ժամանում բարձրակարգ մասնագետներ և գիտելիքներ հաղորդում ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում ապրող տաղանդավոր երեխաներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում