Դոնալդ Թրամփը կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը

Հունվարի 20-ին Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ-ի 45-րդ նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Մայքլ Փենսի երդմնակալության արարողությունը: Նրանք հավատարմության երդում կտան Սահմանադրությանը եւ երկրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ-ի նորընտիր ղեկավարը պաշտոնն ստանձնելուց առաջ կայցելի Սպիտակ տուն: Նախատեսվում է, որ Դոնալդ Թրամփին կուղեկցի նրա կինը՝ Մելանյան: Ինչպես սպասվում Է նրանց շքամուտքի մոտ կդիմավորի ԱՄՆ-ի վարչակազմի հեռացող ղեկավար Բարաք Օբաման: Փենսիլվանիա-ավենյուի նախագահական նստավայր կգան նաեւ Փենսը եւ նրա կինը՝ Քարենը, ինչպես նաեւ Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի պաշտոնակալության հանդիսությունների անցկացման համատեղ կոմիտեի ղեկավարները:

Սպիտակ տանը հավաքվածները կարճատեւ շփում կունենան, իսկ այնուհետեւ նախագահական ավտոշարասյունը կուղեւորվի Կապիտոլիումի բլուր՝ Կոնգրեսի շենք, որտեղ տեղական ժամանակով ժամը 11:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 20:30-ին) կսկսվի երդմնատվության արարողությունը:

Թրամփի եւ Փենսի պաշտոնակալությունը կկայանա ամերիկյան հասարակության մեջ տեղի ունեցած պառակտման ֆոնին, որը նոյեմբերյան ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն խորացել է: 

Հունվարի 18-ին հրապարակված հարցման արդյունքները, որն անցկացվել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալության պատվերով, վկայում են, որ ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնության (56 տոկոսի) կարծիքով՝ երկիրն ընթանում է ոչ ճիշտ ուղղությամբ: Նրանց հետ համաձայն չէ հայրենակիցների 42 տոկոսը:

Նոր սոցիոլոգիական հետազոտությունը նաեւ ի հայտ է բերել, որ ամերիկացիների 86 տոկոսի համար, Վաշինգտոնում իշխանափոխության կապակցությամբ, առաջնային են ներքին քաղաքականության հարցերը, ներառյալ առողջապահությունը, կրթությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, միջռասայական լարվածությունը: Արտաքին քաղաքական խնդիրները, ինչպես պարզվել է, կարեւոր են հարցվածների 56 տոկոսի համար: Դրանց թվում են նախեւառաջ ներգաղթը եւ ահաբեկչության դեմ պայքարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում