Ամերիկահայ կազմակերպությունները պատրաստակամ են աշխատել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ

Ամերիկահայ կազմակերպությունները պատրաստակամ են աշխատել ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ: «Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայն Արդունին նշել է, որ կշարունակեն աշխատանքները նորընտիր կոնգրեսի արտաքին հարաբերություններ հանձնաժողովների հետ, ինչպես նաև նորանշանակ պետքարտուղարի և վարչակազմի հետ արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ, վստահ լինելու համար, որ իրենց ձայնը լսելի է:

«Ամերիկահայ համայնքը բավական լայն շրջանակ է, մենք ունենք ամերիկահայ կազմակերպություններ և անհատներ, ովքեր սատարել են Թրամփին: Այժմ պետք է բոլորը համախմբվեն, մայրաքաղաքում մեր ձայնն ավելի լսելի դարձնելու համար: Մենք ցանկանում ենք, որ վարչակազմը պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում անմեղ մարդկանց սպանությունների համար: Ակնկալում ենք, որ վարչակազմն ակտիվորեն կներգրավվի զինադադարի խախտումները դադարեցնելու գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Բրայն Արդունին:

Հայ դատի Վաշինգտոնի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, որոշ մոտեցումներ պետք է շարունակվեն, սակայն կան քաղաքական մոտեցումներ որոնք պետք է փոխվեն: «Մենք պատրաստակամ ենք համագործակցելու Թրափմի վարչակազմի հետ այդ խնդիրների շրջանակում: Մենք չենք աջակցել նախագահի թեկնածուներից ոչ մեկին, կարծում ենք, որ նրանցից ոչ մեկը չէր վաստակել մեր աջակցությունը, սակայն բազմաթիվ հայեր ակտիվ էին ինչպես Քլինթոնի, այնպես էլ Թրամփի ճամբարում, և մենք պատրաստ ենք աշխատել բոլորի հետ: Թրամփի վարչակազմը տարբերվելու է նախորդից և հիմնովին փոխելու է ամերիկյան ավանդական քաղաքականությունը: Մենք հույս ունենք, որ այդ փոփոխությունը դրական կանդրադառնա Հայոց ցեղասպանության ու Արցախի ճանաչման խնդիրների վրա»,-ասել է Արամ Համբարյանը:

Ամփոփելով Օմբամայի վարչակազմի գործունեությունը` ամերիկահայ կազմակերպությունները համակարծիք են, որ կա հիասթափություն հատկապես Հայոց ցեղասպանության հարցում: Ամերիկայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները նշում են, որ Օբամայի վարչակազմը սկզբում հուսադրող էր և խոստումնալից, սակայն նրա խոստումները Արցախի, Հայոց ցեղասպանության մասին մնացին չկատարված:

Հունվարի 20-ին Վաշինգտոնում տեղի կունենա ԱՄՆ-ի 45-րդ նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Մայքլ Փենսի երդմնակալության արարողությունը: Նրանք հավատարմության երդում կտան Սահմանադրությանը եւ երկրին: Ավանդույթի համաձայն՝ ԱՄՆ-ի նորընտիր ղեկավարը պաշտոնն ստանձնելուց առաջ կայցելի Սպիտակ տուն: Նախատեսվում է, որ Դոնալդ Թրամփին կուղեկցի նրա կինը՝ Մելանյան: Ինչպես սպասվում է, նրանց շքամուտքի մոտ կդիմավորի ԱՄՆ-ի վարչակազմի հեռացող ղեկավար Բարաք Օբաման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում