Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության պատգամավորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Բաթմանից ընտրված պատգամավոր Այշե Աջար Բաշարանը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Բաշարանը ձերբակալվել է, քանի որ հրաժարվել է ներկայանալ Բաթմանի հանրապետական դատախազություն՝ ցուցմունք տալու: Նրա դեմ հետաքննություն է իրականացվում «ահաբեկչական խմբավորման օգնելու» հիմնավորմամբ:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 12-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում