ԱՄՆ-ի ֆիննախի ղեկավարի պաշտոնակատար կդառնա Ադամ Շուբինը

Դոնալդ Թրամփի վարչակազմում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնակատար կդառնա Ադամ Շուբինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրավոր հայտարարության մեջ հայտնել է ԱՄՆ-ի ֆիննախի մամուլի ծառայությունը: 

Շուբինը վերջին ժամանակներս այդ գերատեսչության տեղակալի պաշտոնակատարն էր, որը տնօրինում է ֆինանսական հետախուզությունը եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը:

Թրամփը, որի երդմնատվության արարողությունը հունվարի 20-ին տեղի է ունենալու Վաշինգտոնում, իր կաբինետում ֆինանսների նախարարի պաշտոնում առաջադրել է Սթիվեն Մնուչինին: Հունվարի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ֆինանսական կոմիտեն լսումներ է անցկացրել Մնուչինի թեկնածության շուրջ:

«Ֆինանսների նախարարության ղեկավարման սահուն պահպանումն ապահովելու նպատակով» Շուբինը «հունվարի 20-ից» ժամանակավորապես կատարելու է այդ գերատեսչության ղեկավարի պարտականությունները: Հայտարարության մեջ ճշտվում է, որ Շուբինն այդ գործառույթները կատարելու է «մինչեւ նոր նախարարի թեկնածության հաստատումը»,– հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում