Մարին Լե Պենը հորդորել է վերջ դնել Եվրամիության «գերիշխանությանը»

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, երկրի նախագահի պաշտոնի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ անհրաժեշտ է սահմանափակել Եվրամիության գերիշխանությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Անհրաժեշտ է վերջ դնել Բրյուսելի գերիշխանությանը»,- ասել է Լե Պենը՝ ելույթ ունենալով Radio Classique ռադիոկայանի եթերում: Դրա հետ մեկտեղ նա ցանկություն է հայտնել «հսկողության տակ վերցնել մեր սահմանները, վերադարձնել մեր դրամական անկախությունը եւ անսալ ժողովրդին»:

Ավելի վաղ «Ազգային ճակատի» առաջնորդը քանիցս հայտարարել է Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու անհրաժեշտության մասին:

Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: BVA հասարակական կարծիքի կենտրոնի եւ Salesforce ընկերության կողմից անցկացված հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են դեկտեմբերի 7-ին, երկրորդ փուլ կանցնեն «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը եւ նրա ընդդիմախոսը՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Դրա հետ մեկտեղ հարցումը նշում է Ֆիյոնի զգալի առավելությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում