Քրեակատարողական հիմնարկներում միջանձնային խնդիրները դեռևս առկա են. Ռևազյան

Նախորդ տարում մոտ 100 դիտորդական այցելություններ են եղել բոլոր քրեակատարողական հիմնարկներում: Հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2016 թվականի դիտորդական առաքելությունը քրեակատարողական հիմնարկներում, նշեց ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի դիտորդ, իրավաբան Ռոբերտ Ռևազյանը:

«Ահազանգերի 37 տոկոսը կապված է եղել բուժսպասարկման խնդիրների հետ, 8 տոկոս դեպքերն հիվանդ դատապարտյալների ահազանգերն են, որ իրենց չեն տեղափոխել բուժհիմնարկ, 7 տոկոսը` քրեական գործի ընթացքում առաջացած խնդիրների հետ է կապված եղել, իսկ 6 տոկոսը դատապարտյալների կողմից հացադուլի հայտարարման հետ»,- ասաց Ռևազյանը և հավելեց, որ քրեակատարողական հիմնարկներում դեռևս արդիական են մնում միջանձնային խնդիրները:

Իրավաբանը դրական է համարում 2016 թվականին բուժսպասարկման վերաբերյալ հայեցակարգի ընդունումը:

«Այս հայեցակարգը կարող է քրեակատարողական հիմնարկներում ամբողջ բուժսպասարկման ոլորտը փոխել: Եթե այս օրենքը ճիշտ կիրառվի, կարծում եմ, բավականին մեծ դրական ազդեցություն կունենա քրեակատարողական հիմնարկների համար»- ընդգծեց Ռևազյանը:

«ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգի շրջանակում նախատեսվում է իրականացնել բժշկական սպասարկման ոլորտի բազմակողմանի բարեփոխումներ՝ ենթակառուցվածքների զարգացման, նորագույն սարքավորումներով վերազինման, հիվանդանոցային պայմանների բարելավման, բժշկական ծառայության աշխատակիցների անկախության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման ոլորտներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում