«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավարը Բաքվում հայերի ջարդերի մասին վկայող նոր փաստեր ներկայացրեց

ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը 2017թ. ընթացքում տարբեր, այդ թվում` միջազգային մեդիահարթակներում կանցկացնի միջոցառումներ և կհրապարակի նյութեր տարբեր լեզուներով` միտված ադրբեջանական քարոզչամեքենայի ստի և կեղծիքի բացահայտմանը և իրականության ներկայացմանը: Հունվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԿՏԿ «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը: Նա նշեց, որ այդ աշխատանքը իրականացնելու համար համագործակցելու են ՀՀ ԱԳՆ-ի և սփյուռքի նախարարության հետ: «Այսօր հունվարի 20-ն է, որն ադրբեջանցիները սովորաբար նշում են իրենց համար իբր որպես ողբերգական օր: Այդ օրը սովետական զորքերը մտան Բաքու, սակայն այն աղմուկը, որ նրանք բարձրացնում են անցած 27 տարիների ընթացքում, արվում է այն նպատակով, որպեսզի լռության մատնեն և փորձեն մոռացության մատնել այն, ինչ կատարվում էր Բաքվում 1990թ. հունվարի 13-19-ը: Այդ շաբաթը պատմության մեջ մտել է որպես Բաքվում հայերի ցեղասպանության շա բաթ: Ադրբեջանը փորձում է մոռացության մատնել այդ սարսափելի իրադարձությունները, երբ մեկ շաբաթվա ընթացքում Բաքվում սպանում էին, տանջամահ էին անում, ողջ-ողջ այրում էին, բռնի տեղահանում էին հայերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գրիգորյանը:

Նա հավելեց, որ Բաքվում, սակայն, մեկ բան հաշվի չեն առնում, որ այդ վայրագությունների ականատեսները ողջ են: «Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր անցել են այդ դժոխքով, տեսել են այդ ամենը, կորցրել են իրենց հարազատներին, կորցրել իրենց ամբողջ ունեցվածքը, ողջ են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ մենք ունենք համեմատաբար քիչ փաստաթղթեր և լուսանկարներ, «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում մենք որոշեցինք այդ բացը լրացնել ականատեսների վկայություններով: Նախաձեռնվեց մի ենթանախագիծ, որը կոչվում է «Մեկ դար տևող ցեղասպանություն», և մենք որոշեցինք, որ հարկավոր է ինչքան հնարավոր է շատ ականատեսների լսել և տեսագրել, ներկայացնել նրանց հիշողությունները և վկայությունները` որպես Բաքվում հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության վառ ապացույց»,- ասաց նա:

Մարինա Գրիգորյանը մանրամասնեց, որ այդ նպատակով մեկնել են ԱՄՆ, որտեղ 1990-ականներին շուրջ 60 հազար Բաքվի հայեր են տեղափոխվել: «Մենք մեկ ամսվա ընթացքում երկու անգամ եղանք ԱՄՆ-ում և այդ ընթացքում տեսագրել ենք Բաքվի շուրջ 150 հայերի: Արդյունքում մենք արդեն 3 լեզուներով ֆիլմ ունենք, որը կոչվում է «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը»: Այն ներկայացվել է 2015թ.»,- ընդգծեց Գրիգորյանը:

Ասուլիսի ընթացքում Գրիգորյանը ներկայացրեց նաև «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում հրատարակված գիրքը, որը կազմվել է ԱՄՆ-ում Բաքվի հայերի հետ զրույցների հիման վրա: «Գրքում ընդգրկված է Բաքվի հայերի մոտ 50 վկայություն, որում նրանք պատմում են իրենց տեսածի մասին: Մենք Բաքվի ջարդերի մասին համեմատաբար քիչ գիտենք, որովհետև, եթե Սումգայիթի դեպքում մենք ունեինք դատական գործընթացներ, հետաքննություններ, որտեղ շատ-շատ նյութեր կան, կան տեսանյութեր և լուսանկարներ, ապա Բաքվի ջարդերի դեպքում մենք այդքան փաստեր չունենք: Նույնիսկ մինչև հիմա հայտնի չէ Բաքվում սպանված հայերի ստույգ թիվը: Հիմնվելով մեր ունեցած փաստերի և վկայությունների վրա` մենք ենթադրում ենք, որ այդ թիվը կազմում է մոտ 500-600: Բաքվի հայերի հետ հանդիպումների ընթացքում մենք ամեն անգամ իմացել ենք նոր փաստեր և մանրամասներ: Նրանց պատմությունները շատ յուրահատուկ էին և միասին դրանք տալիս են այդ հրեշավոր հանցագործության իրական պատկերը»,- նշեց նա:

Գրիգորյանը ներկայացրեց նոր փաստեր, որոնք հայտնաբերել են ականատեսների հետ զրույցների ընթացքում: «Պարզվեց, որ 1990թ. հունվարից հետո հայերը Բաքվում որպես պատանդ են պահվել: Մենք նման վկայություն ունենք Բաքվից մի ռուս փախստականից, որի կինը հայ է, ում փորձել են պատանդ վերցնել: Միայն հրաշքով է այդ կինը կարողացել փրկվել: Մենք ունենք նաև մի կնոջ վկայություն, ով այս պահին ապրում է Միացյալ Նահանգներում, ով մեկ տարի պատանդ է պահվել սարսափելի պայմաններում:

Նրա հետ միասին պահվել են նաև խառը ընտանիքներ, ռուսներ, ռուս զինվորականներ: Այդ կինը հրաշք ով է փրկվել և հիմա նա 7 տարի է` անշարժ պառկած է անկողնում, և բժիշկները կարծում են, որ այդ հիվանդությունը հետևանք է այդ տարիներին նրա ապրած սարսափների»,- մանրամասնեց նա:

Ականատեսները նաև պատմել են, որ լաստանավերով Բաքվից փախչել փորձող շատ հայերի լաստանավերից ծովն են նետել: Այդպիսի վկայությունները բազմաթիվ են: Մարինա Գրիգորյանը ներկայացրեց նաև Բաքվում հայերի ջարդերի մասին վկայող փաստաթուղթ: Փաստաթուղթը տրված է Մարգարիտա Գասինսկայային, ում հանդիպել են Բոստոնում: «Նրա մայրը հայ է` Աննա Նիազյան: Փաստաթուղթը տրված է Բաքվի ռազմական հրամանատարության կողմից: Այստեղ գրված է, որ իրենք ստիպված են այդ ընտանիքը տարհանել Բաքվից, որովհետև այդ քաղաքում նրանց կյանքին վտանգ է սպառնում: Ես կարծում եմ, որ սա իսկ ապես բացառիկ է, որովհետև այն ցույց է տալիս, թե այդ օրերին ինչ սպառնալիքներ են եղել հայերի համար Բաքվում»,– նշեց Գրիգորյանը:

Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Բաքվում հայերի հայցադիմումների վրա, այնուամենայնիվ, քրեական գործեր հարուցվել են: Մարինա Գրիգորյանը ներկայացրեց մի փաստաթուղթ, որը տրված է Սվետլանա Բաղդասարովային: Այն ստորագրված է Ռամիլ Ուսուբովի կողմից, ով հիմա Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին տեղակալն է: Սվետլանա Բաղդասարովան Մոսկվայում դիմել է իրավապահ մարմիններին և խնդրել է պարզաբանում ստանալ, թե ինչպես է ընթանում Բաքվում իր բնակարանի վրա հարձակման դեպքով հարուցված քրեական գործը: Ուսուբովը նրան պատասխանել է, որ հետաքննությունը գնում է և իրեն կպատասխանեն արդյունքների մասին: Սակայն Բաքվում հայերի հայցադիմումների հիման վրա հարուցված որևէ քրեական գործ ավարտին չի հասցվել: Դրանք թաղվել են Բաքվի արխիվներում, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ այդ ամենը կազմակերպված է եղել պետական մակարդակով»:

Նա հավելեց, որ իրենց աշխատանքի ընթացքում փորձում են հավաքել որքան հնարավոր է շատ վկայություններ, որպեսզի պատկերն ավելի մասշտաբային լինի: Մարինա Գրիգորյանը հայտնեց, որ արդեն պատրաստվում է գրքի երկրորդ հատորը, որում կներկայացվի 60 ականատեսի հիշողություն: Աշխատանքը շարունակական է լինելու, առաջիկայում ևս մեկ ֆիլմ էլ կներկայացվի հանրության դատին:

1990 թվականի հունվարի 13-19-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում: Հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988-ի դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Ջարդերը շարունակվել են 6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Միխայիլ Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակար գ դրություն մտցնելու մասին: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են: 1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն (շուրջ 250 հզ. հայ) սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում