Ադրբեջանում 58 անձի զրկել են քաղաքացիությունից ահաբեկչական խմբավորման անդամ լինելու համար

Ադրբեջանում 58 անձի զրկել են քաղաքացիությունից ահաբեկչական խմբավորումների անդամակցության համար միայն 2016 թվականի ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Razm.info կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը` վկայակոչելով Ադրբեջանի միգրացիայի ծառայության տվյալները: Ըստ վերլուծաբանի՝ ահաբեկչական խմբավորումներում կովկասյան տարածաշրջանից մասնակցության գործում լուրջ դերակատարում ունեն հատկապես Ադրբեջանի քաղաքացիները:

«Դիտարկելով միայն 2013-2014 թվականներին սպանված ադրբեջանցի զինյալների թիվը, որը մոտ 100-150 էր, նրանք ավելի շատ են, քան նշված 58-ը: Ադրբեջանից շատ ահաբեկիչներ կան «Իսլամական պետություն» խմբավորման կազմում, ինչպես նաև ահաբեկչական այլ խմբավորումներ, իսկ նրանց թիվը դուրս է մնում վիճակագրական տվյալներից»,– նշեց նա` հավելելով, որ միտումներ են նկատվում, որ նրանցից ոմանք վերադառնում են իրենց հայրենիք:

Վերլուծաբանի տեղեկացմամբ` Սիրիայում վերջին շրջանում ահաբեկչական խմբավորումներն իրենց դիրքերը զիջում են, և կա վտանգ, որ նրանք կարող են վերադառնալ իրենց երկրներ: «Ադրբեջանի պարագայում էլ կարող են վերադառնալ, ինչը ապակայունացում կառաջացնի երկրի ներսում»,- հավելեց վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում