Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը

Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թրամփը երդման տեքստն արտասանեց` ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա:

ԱՄՆ 45-րդ նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի շենքի դիմաց:

«Ես՝ Դոնալդ Ջոն Թրամփս, հանդիսավոր երդվում եմ հավատարիմ կերպով իրականացնել ԱՄՆ նախագահի պարտականությունները և առավելագույն կարողություններիս չափով պահպանել և պաշտպանել Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»,– հետևելով ԱՄՆ գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսին` երդման տեքստն արտասանեց Դոնալդ Թրամփը:

Երդման արարողության ներկա էր գրեթե ողջ ամերիկյան քաղաքական էլիտան: Մի շարք դեմոկրատ սենատորներ և կոնգրեսականներ հրաժարվել էին մասնակցել Թրամփի երդմնակալության արարողությանը: Ներկա էին նաև ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Քարթերը, Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշ կրտսերը և գործող նախագահ Բարաք Օբաման` կանանց հետ: Բիլ Քլինթոնին ուղեկցում էր ընտրություններում պարտված դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը: Նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը առողջական խնդիրների պատճառով ներկա չի գտնվել արարողությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում