Վիճակախաղի գումարի շուրջ վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 26-ամյա Քրիստինե Արզումանյանի սպանության հանգամանքները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017 թվականի հունվարի 13-ին Երևանի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ ընկերուհին` 1990 թվականին ծնված Քրիստինե Արզումանյանը, 2016 թվականի դեկտեմբերի 27-ին` երեկոյան, տուն վերադառնալու նպատակով Բագրատունյաց պողոտայում գտնվող սուպերմարկետի մոտից նստել է տաքսի ավտոմեքենա, սակայն տուն չի վերադարձել և մինչ օրս նրանից որևէ տեղեկություն չունի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), որով նախաքննությունը կատարվել է ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ք.Արզումանյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Արդյունքում՝ պարզվել է այն տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, որի ծառայությունից տուժողն օգտվել է դեկտեմբերի 27-ին։ Փաստական տվյալների համաձայն՝ տուժողը ճանաչել է նրան և հաճախակի օգտվել նրա ծառայություններից։ Բացի այդ, մի քանի այլ անձանց հետ խաղացել են վիճակախաղ և դեպքի օրը տուժողը պետք է ստանար վիճակախաղի գումարը՝ 500.000 դրամ։

Դեկտեմբերի 27-ի երեկոյան աղջիկը խնդրել է ուղևորվել Սիսիան և վարորդը համաձայնել է կատարել փոխադրումը։ Ճանապարհին վիճակախաղի գումարի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վարորդը հարվածել է աղջկան, ապա նաև ձեռքերով սեղմել նրա պարանոցը, որի հետևանքով վերջինս մահացել է, և դիակը նետել է ձորակը։

Վարորդի մատնանշած վայրում՝ Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկից դեպի Եղեգնաձոր տանող ավտոմայրուղու 5300-րդ մետրում գտնվող ձորակում, հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմինը։

Վերցվել են համապատասխան փորձանմուշներ և նշանակվել դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, կասկածյալի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում