Գեղհովիտ գյուղում վերջին հրաժեշտ տվեցին Արցախում զոհված Անդրանիկ Մուսիկյանին

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում հունվարի 21-ին բազմահազարանոց թափորը հուղարկավորեց 2017 թվականի հունվարի 18-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված Հայոց բանակի ժամկետային զինծառայող Անդրանիկ Սմբատի Մուսիկյանին:

Ինչպես տեղեկացրեց Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Էդիկ Ասլանյանը, հերոսի հուղարկավորությանը նախորդել է հրաժեշտի եւ հոգեհանգստյան արարողությունը, որի ընթացքում, հունվարի 20-ին եւ 21-ի առավոտյան, Անդրանիկին վերջին հրաժեշտն են տվել նրա հարազատները, բարեկամները, համագյուղացիները, ուսուցիչները, դպրոցական ու ծառայակից ընկերները, բազմաթիվ պաշտոնյաներ:

«Զոհված զինծառայողի ընտանիքին ցավակցելու էին եկել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կրթական եւ առողջապահական հիմնարկների տնօրեններ, ուսուցիչներ, Մարտունու զինկոմ Գեւորգ Մխեյանը, ոստիկանության եւ զինկոմիսարիատի աշխատակիցներ եւ հազարավոր անհատ մարդիկ Գեղհովիտից եւ հարակից համայնքներից: Հուղարկավորությանը մասնակցեցին նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ Ա նդրանիկի զորամասի հրամկազմի ներկայացուցիչներ, ծառայակից ընկերներ: Զինվորական բարձրաստիճան պաշտոնյաները թաղման արարողության ժամանակ Անդրանիկի հորը՝ Սմբատ Մուսիկյանին հանձնեցին «Մարտական ծառայության համար» սահմանված 2 մեդալները, որոնցով Անդրանիկը հետմահու պարգեւատրվելէ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի համապատասխան հրամանագրերով»,- ներկայացրեց դպրոցի տնօրենը:

Անդրանիկ Մուսիկյանին բազմահազարանոց թափորը հուղարկավորել է զինվորական կարգով՝ երաժշտական նվագախմբով եւ հրաժեշտի համազարկերով:

«Անդրանիկն իրենց ընտանիքի երրորդ, կրտսեր որդին էր: Հայրն ընտանիքը պահում է արտագնա աշխատանքով, մեծ դժվարությամբ: Նրա երկու որդիները պատվով կատարել էին իրենց զինվորական պարտքը, իսկ Անդրանիկը պետք է զորացրվեր կես տարի անց: Նա դպրոցում աչքի էր ընկնում լավ առաջադիմությամբ, խելացի էր, սիրված ու հարգված էր թե ուսուցիչների, թե դասընկերների կողմից: Աշխատասեր էր, մեծերին լսող ու համեստ: Ցավում է ողջ գյուղը, գյուղ, որն արդեն արցախյան շարժումից ի վեր հայրենի հողի համար մղած ազատագրական պայքարում այսօր տվեց իր ութերորդ թանկագին կորուստ ը: Բայց կորստյան այդ ցավը մեզ ոչ թե վհատեցնում, այլ ավելի է համախմբում: Մենք մենակ չենք թողնի Անդրանիկի ծնողներին ու հարազատներին, կփորձենք ամեն կերպ ամոքել նրանց վիշտը եւ վառ պահել մեր հերոսի անունն ու սխրանքը»,-շեշտեց Էդիկ Ասլանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում