Գեղարքունիքի մարզում 2016 թվականին գործել են 27 արտադրական ձեռնարկություն

Գեղարքունիքի մարզում 2016 թվականի տնտեսական տարում գործել են արտադրական 27 ձեռնարկություն, որոնք զբաղված են գյուղմթերքների եւ սննդի վերամշակմամբ, հանքային արդյունաբերությամբ, տարբեր նշանակության իրերի արտադրությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնից, խոշոր արտադրական ձեռնարկություններից մարզի տնտեսության մեջ էական կշիռ ունեն «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» «Աքվատիկ», «Սևանի հացի գործարան», «Հրանդ Կարապետյան», Ակունքի «Էկոկաթ», Լճաշենի «Արա-Արեգ» ընկերությունները: Նույն աղբյուրի համաձայն՝ Գեղարքունիքի մարզում ՀՆԱ-ն 2015 թվականին 2011 թվականի հետ համեմատած աճել է շուրջ 34121,8մլն դրամով կամ 15 տոկոսով: Մա րզի արդյունաբերական ձեռնարկությունների կողմից 2016 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ թողարկվել է շուրջ 24.2 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 110.6 տոկոսով, նույն ժամանակահատվածի հետ համեմատած որպես պատրաստի արտադրանքի իրացում՝ ընթացիկ գներով իրացվել է շուրջ 12.9 մլրդ.դրամի արտադրանք ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ԱՊՀ երկրներում:

2017 թվականի հունվարի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում են 529 առեւտրային ձեռնարկություններ, այդ թվում՝ 2 սպառողական ապրանքների եւ 2 գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ: Նախորդ տարվա համեմատությամբ մարզում առեւտրային ձեռնարկությունների թիվն ավելացել է շուրջ 52-ով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Գեղարքունիքի մարզում 2016 թվականի օգոստոսի տվյալներով կազմել է 151 հազար 413 դրամ: Մարզում զբաղվածների թիվը արդյունաբերության ոլորտում կազմել է 1158 մարդ, առեւտրի ոլորտում` 857 մարդ:

Մարզում սեզոնային շուրջ 586 նոր աշխատատեղ են բացվել շինարարության, ճանապարհաշինության եւ սեզոնային առեւտրի բնագավառում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում