Դանիայի խորհրդարանում քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը, չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ

Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստին քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը․ այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում հրապարակվող «Նոր Հառաջ» պարբերականից, գրում է Թերթ.am-ը:

Ըստ լրատվամիջոցի՝ քննարկման ժամանակ չի հերքվել Ցեղասպանության իրողությունը, սակայն պատգամավորների մեծ մասը չեն ցանկացել եղածին քաղաքական գնահատական տալ:

Ցեղասպանության բանաձևի նախաձեռնողներից «Ազատական դաշինքի» և Դանիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները պնդել են, որ այդ հարցը պետք չէ քաղաքականացնել և չեն խրախուսել «Հայոց ցեղասպանություն» կամ «դատապարտում ենք» ձևակերպումների առկայությունը նախագծում։

Նրանք նշԵլ են, որ «դա պատմաբանների գործն է: Նախագծի ընդունումը ոչ մի դրական արդյունք չի ունենա Թուրքիայում ապրող հայերի կամ հայ-թուրքական հարաբերություններում»։

Նախագծի հեղինակներից Նիկոլայ Վիլյումսենը, մասնավորապես, հիշեցրել է, որ տարիներ առաջ Դանիական Ֆոլկեթինգը ընդունել է Հոլոքոստը դատապարտող բանաձև, իսկ երկրում կա Հոլոքոստի զոհերի հիշատակի օր:

«Ինչո՞ւ չենք կարող նույնն անել հայերի հարցում, ինչո՞ւ ենք վախենում մահմեդական սուլթանից», -ասել է նա։

Քննարկումների ընթացքում առաջարկներ եղան վերանայել տեքստը՝ հեռացնելով դրանից «դատապարտել, Հայոց ցեղասպանություն» բառերը, ինչի դեպքում փոխվում էր նախագծի բուն իմաստը։

Այդ պարագայում վերանում էր Հայոց ցեղասպանության հետ կապված տողերը, փոխարենը ստացվում էր. «քննադատում ենք Թուրքիայում խոսքի և մամուլի ազատության բացակայությունը, կոչ ենք անում բացել արխիվները»:

Երկար քննարկումներից հետո ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում