Ուրիխանյանը ներկայացրեց «Ալյանս»-ի նախագահի պաշտոնից հրաժարվելու հիմնական պատճառը

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մանրամասնել է, թե ինչու է հրաժարվել «Ալյանս» կուսակցության վարչության նախագահի պաշտոնից: Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Ուրիխանյանն ընդգծեց, որ կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվել է, քանի որ իր պաշտոնավարման ընթացքում կուսակցությունը չի կարողացել լուծել շատ կարևոր մի խնդիր` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում չի հաջողվել արձանագրել ցանկալի արդյունք: «Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ քաղաքականության մեջ ցանկացած անձ, ով տեսնում է, որ իր պաշտոնավարումը չի տալիս ցանկալի արդյունք, պետք է հեռանա: Ես հենց այդ սկզբունքով էլ հրաժարվեցի կուսակցության նախագահի պաշտոնից, քանի որ մեզ չհաջողվեց ցանկալի արդյունք ապահովել ՏԻՄ ընտրություններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Ուրիխանյանը:

Պատգամավորը մեծ ցանկություն ունի, որ կուսակցության մեջ լինի իրական ժողովրդավարություն, դրա համար նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո փորձում է որքան հնարավոր է քիչ միջամտել ներսում ընթացող գործընթացներին: «Եթե «Ալյանս»-ն այն քաղաքական ուժն է, որը կարող է ինքնակազմակերպվել առանց ինձ, ուրեմն կարելի է ինձ շնորհակալություն հայտնել նրա համար, որ ես հիմնադրել եմ մի քաղաքական ուժ, որը նույնիսկ իր հիմնադիրի պաշտոնավարումից հետո շարունակում է իր գործունեությունը: Սա կլինի կարևոր ներդրում Հայաստանի քաղաքական իրականության մեջ: Եթե ոչ` ես պատրաստ եմ լսել կուսակցության ցանկացած առաջարկ: Համենայնդեպս, ես հիմա այդ կուսակցության վարչության անդամ եմ և բոլոր օբյեկտիվ հնարավորություններս կներդնեմ կուսակցության առաջընթացի համար»,- նշեց պատգամավորը:

Ուրիխանյանն անդրադարձավ նաև հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ «Ալյանս» կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու հետ մեկտեղ նաև պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին ու նորից հետ վերցրել այդ դիմումը: «Իրական խնդիրը եղել է հետևյալի մեջ: Ես այլևս չեմ տեսել խորհրդարանում այդ ծանր, անշնորհակալ, խնդիրներով, կոնֆլիկտներով լի գործունեությունը շարունակելու նպատակահարմարություն արդյունավետության իմաստով: Որովհետև մեկ մարդը առանձնացված քաղաքական կուրս իրականացնելու ընթացքում չի կարող հասնել հ աջողության համար: Մանդատը ինձ համար եղել է աշխատանք, խնդիր և ոչ դիվանագիտական կարգավիճակ, սեփական բիզնեսներն ամրապնդելու գործոն կամ իշխանության տիրույթում շրջելու հնարավորություն: Սակայն հետագայում քաղաքական բանակցությունների ընթացքում ինձ համար պարզ դարձավ, որ հնարավոր է ջանքերի մեկտեղում, որ քաղաքական դաշտում հնարավոր են փոփոխություններ: Այդ բանակցություններն առիթ դարձան պատգամավորական գործունեությունս շարունակելու համար: Մեծ հաշվով, դա ոչինչ չի փոխում, որովհետև հաշված ամիսներ են մնացել այս գումարման խորհրդարանի գործունեությանը»,- եզրափակեց Տիգրան Ուրիխանյանը:

2016թ. հոկտեմբերի 3-ին Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ալյանս» կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել կուսակցության վարչությանը` շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում: Միևնույն ժամանակ, Ուրիխանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Հոկտեմբերի 17-ին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Տիգրան Ուրիխանյանը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում