Հայաստանն ավելացրել է առևտրաշրջանառությունը Վրաստանի հետ

Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները 2016 թվականին, նախորդ տարվա համեմատ, աճ են գրանցել՝ կազմելով 367 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ`վկայակոչելով Վրաստանի պետական վիճակագրական ծառայության տվյալները:

Ըստ գրառման` Վրաստանի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառության ծավալները զգալի նվազել են՝ 2015 թվականին գրանցած 783 մլն դոլարի փոխարեն 2016-ին գրանցելով ընդամենը 648 մլն:

Վրաստանի 2016 թվականի ամենախոշոր առևտրային գործընկերների շարքում առաջին տեղում է հայտնվել Կանադան, որը վերջին տարիներին այդ դիրքն անսասան պահող Թուրքիային շրջանցել է ավելի քան 300 մլն դոլար շրջանառությամբ: Երկրորդ հորիզոնականում հայտնված Թուրքիան, սակայն, 2015թ. համեմատ բարելավել է Վրաստանի հետ կատարված արտաքին առևտրաշրջանառության ծավալների ցուցանիշները՝ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելով մոտ 8 մլն-ով:

Վերոնշյալ սանդղակում ցուցանիշները բարելավել է նաև Ռուսաստանը՝ 881 մլն տարեկան շրջանառությամբ դառնալով Վրաստանի երրորդ ամենախոշոր առևտրային գործընկերը:

Ինչ վերաբերում է Կանադայի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների կտրուկ աճին, ապա տվյալ հանգամանքն, ըստ վրացագետի գրառման, պայմանավորված է Վրաստանի առողջապահության նախարարության՝ միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող C հեպատիտի դեմ պայքարի ծրագրին, որի արդյունքում Կանադայից Վրաստան է ներմուծվել շուրջ 1.8 մլրդ դոլարի համապատասխան դեղորայք:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հետազոտություն իրականացված երկրների ցանկում, որտեղ C հեպատիտով վարակված մարդկանց թվաքանակը բնակչության շրջանում մեծ տոկոս է կազմում, Վրաստանը հայտնվել է անբարենպաստ երկրների ցանկի վատագույն եռյակում»,- նշված է Ալիկ Էրոյանցի ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում