Այս դաշինքին միանալով մտածում ենք համազգային դաշինք ստեղծելու ուղղությամբ․ Պ․Հայրիկյան

Ինչու՞ Պարույր Հայրիկյանը միացավ Դալլաքյան-Օհանյան-Սարգսյան դաշինքին, ի՞նչ նպատակներ կան և ինչպե՞ս է պատկերացնում իրենց համագործակցությունը արևմտամետ Հայրիկյանը ռուսամետ դաշնակցի հետ։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Times.am-ը զրուցել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։

-Պարոն Հայրիկյան ի՞նչն էր պատճառը, որ միացաք Օհանյան-Դալլաքյան-Սարգսյան դաշինքին:

Մենք ինքներս նոյեմբերին նախաձեռնել էինք դաշինքի ձևավորում, դիմել էինք բոլոր կուսակցություններին, բոլորին՝ բացի հանրապետականից։ Պատշաճ և բավարար պատասխաններ չէին եղել։ Հետո, երբ ձևավորվեց նախ «Ելք» դաշինքը, մեր պատասխանատուների միջոցով փորձեցինք իրենց հետ կապվել՝ չստացվեց։ Իսկ, եթե այդպիսի բան է լինում, այսինքն դիմում ես ու չեն արձագանքում, նշանակում է աշխատել չգիտեն, կամ էլ ինչ-որ նկատառումներ ունեն։

Երբ մյուս դաշինքը ձևավորվեց, հայտարարությունը լինելուց հետո մենք սկսեցինք քննարկումներ անցկացնել։

-Իսկ ինչպե՞ս վերաբերվեցին Ձեր կուսակիցները այդ քննարկումներին։

-Մերոնց մի մասը սկզբից այնքան էլ խանդավառ չէին և 21 հոգուց 11-12 հոգին էին, որ վստահ ասում էին կարելի է։ Ընթացքում նոր տեսակետ առաջ քաշվեց, որ եթե մենք ուզում ենք ժողովրդական դաշինք՝ համընդհանուր ընդգրկմամբ, առաջին քայլը պիտի արվի և սա ամենահարմարն էր, քանի որ իրենք դիմել են:

Երեկ տեղի ունեցավ քվեարկությունը, 21 հոգուց 19-ը կողմ քվեարկեցին՝ 2 հոգին դեմ և մենք արդեն հայտարարեցինք,որ ընդունում ենք իրենց հրավերը և միանում։ Անձնական կապերն էլ միանշանակ շատ կարևոր էին, և՛ Սերյան Օհանյանի և՛ Արամ Սարգսյանի հետ, ում հետ մենք հնուց համագործակցության փորձ ունենք և ընկերական հարաբերություններ, նաև իմ ժողովրդավարության բանաձևը միասին ենք ժամանակին ներկացացրել 6 կուսակցոթյուններով և պառլամենտին, և՛ նախագահին։

-Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր համագործակցությունը դաշինքի այլ ուժերի հետ, երբ դուք ունեք ընդգծված արևմտյան կողմնորոշում, իսկ մյուսները՝ հատկապես Արամ Սարգսյանն ունի արտահայտված ռուսական կողմնորոշում։

-Արդեն կայացած դաշինքում դա քննարկման առարկա չի, որովհետև մենք իմի ենք եկել՝ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու համար: Դա է մեր հիմնական նպատակը: Իսկ ինչ վերաբերում է մյուս տարաձայնություններին, կարծում եմ, որ դրանք հեշտությամբ կարելի է հաղթահարել ժամանակի ընթացքում։ Հակառակ դեպքում, պառլամենտում ամեն մեկը կարող է քվեարկել իր ցանկությամբ:

-Պարոն Հայրիկյան ի՞նչ կարծիք ունեք ձևավորված այլ դաշինքների մասին։ Ձեր դաշինքը կարո՞ղ է լուրջ հակակշիռ հանդիսանալ իշխանությունների համար։

-Անկեղծ որ լինեմ, եթե լուրջ աշխատանքներ տանենք, այո հենց այս ուժերով էլ հնարավոր է 2 ամսվա ընթաքում հրաշքներ գործել։ Չնայած ես նախընտրելի եմ համարում, ասպարեզում առկա ուժերի հետ սերտ համագործակցությունը, բայց իմ անհատական գործելակերպի տարբերակները ես կներկայանցնեմ արդեն խորհրդի կազմում:

Օրինակ՝ որոշակի տարբերակումներ պետք է լինեն պառլամենտում ներկայացված և պառլամենտում չներկայացված կուսակցությունների միջև։ Ճիշտ չէ ճանապարհ անցած կուսակցությանը, որը ունի ակնհայտ բոլորի համար անմերժելի ներդրում, թողնել մի կողմ: Այսօրվա իրավիճակով, եթե ՀԱԿ-ը կամենա մեզ հետ աշխատել, ուրեմն ՀԱԿ-ը պետք է մի քիչ առավելություն ունենա, որովհետև ինքը պառլամենտում ներկայացված է։ Պետք է ընդառաջ գնանք իրար, որ գործն էլ առաջ գնա։

-Ինչպե՞ս է վերաբերվում հասարակությունը ստեղված ու դեռևս հնարավոր ստեղծվելիք դաշինքներին։

-Այդ հարցը ընթացքում ակնհայտ կլինի, ես կարծում եմ, որ աշխատանքը շատ բան կփոխի․ ես այդ աշխատանքի փորձը ունեմ։ 1996թ-ին երբ ես եղա հիմնական դեմքը, ով ստեղծեց դաշինքը նախագահական ընտրություններում, ինձ պետք եղավ զոհաբերել դրա համար իմ թեկնածությունը, որը հանեցի:

Ես ունեի ընդամենը 10 տոկոս ձայն, նույնքան էլ ուներ Վազգեն Մանուկյանը, բայց վերջում մեզ հաջողվեց ձայները հասցնել 60 տոկոսի։ Այդ աշխատանքի փորձը ես ունեմ։ ԱԻՄ-ը ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի շատ հստակ ասել է, մենք կամ դաշինքով ենք մասնակցելու ընտրություններին կամ չենք մասնակցելու։ Եվ հիմա էլ նույնն ենք ասում, այս դաշինքին միանալով մենք մտածում ենք, որ դեռ պետք է աշխատենք համազգային դաշինք ստեղծելու ուղղությամբ։

-Ժամանակին դուք բավականին ջերմ հարաբերություններ եք ունեցել Վահե Ավետյանի հետ: Ինչպե՞ս եք գնահատում նրա Բաքու կատարած այցը, ինչ կասեք առհասարակ նրա մասին։

-Նախ, դուք ինձ ասեք այդ ջերմ հարաբերությունները որտեղ են երևացել: Ես Վահե Ավետյանի հետ հանդիպել եմ մի 2 անգամ։ Ձեր հարցադրման ելակետային մասը սխալ էր, և այսօրվա խնդիրների հետ կապ չունի։ Այս լուրջ հարցերի կողքին, ինչպես եմ վերաբերվում մի անհատի պահվածքին, դա ամենևին տեղին չէ։

Զրուցեց՝ Աննա ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում