Վրաստանի խորհրդարանում կլինի տասը խմբակցություն

Վրաստանի խորհրդարանի բյուրոն ի գիտություն Է ընդունել հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնում երկու նոր՝ «Ազգային շարժում» եւ «Վրացական երազանք-կանաչներ» խմբակցությունների ստեղծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online-ին», ասված Է խորհրդարանի նյութերում: 

«Ազգային շարժում» խմբակցության ստեղծումն անհրաժեշտ Է դարձել հունվարի սկզբին «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության պառակտումից հետո, երբ կուսակցությունից հեռացավ ղեկավարների մի մասը, այդ թվում՝ խորհրդարանի 21 պատգամավոր:

«Վրացական երազանք» կուսակցության նոր խմբակցության ստեղծման մասին հայտնի Է դարձել հունվարի 23-ին:

Այն բանից հետո, երբ լիագումար նիստում խորհրդարանը ի գիտություն կընդունի նոր խմբակցությունների ստեղծումը, Վրաստանի օրենսդիր մարմնում կլինի տասը խմբակցություն, որոնցից վեցը կլինեն մեծամասնության խմբակցությունները, փոքրամասնությունը կունենա երկու խմբակցություն, կլինի նաեւ երկու անկախ խմբակցություն՝ «Վրաստանի հայրենասերները» եւ «Ազգային շարժումը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում