ԼՂ հակամարտության վերաբերյալ Լավրովի հայտարարությունը անհանգստացրել է Բաքվին. Մամեդյարովը մեկնում է Մոսկվա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը չծրագրավորած այցով կմեկնի Մոսկվա` հանդիպելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այցի պատճառը Լավրովի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արած վերջին հայտարարությունն է և դրա հետևանքով լարված ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը` հղում ան ելով դիվանագիտական իր աղբյուրներին:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործը չէ` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին: Վերջինս հետաքրքրվում էր, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի «Ադրբեջանի ներքին գործերին», եթե ադրբեջանական կողմը նախաձեռնի ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում:

Միջադեպն արդեն մի քանի օր է ադրբեջանական օգտատերերի կողմից բուռն կերպով քննարկվում է սոցիալական ցանցերում:

Իսկ ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել Լավրովին հարց ուղղած լրագրողին` լրագրողական էթիկան խախտելու հիմնավորմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում