Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցիչները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հաագայում հունվարի 23-ին տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ հոլանդական կողմը` Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Պիտեր Յան Կլեյվեխ դը Զվանը: Խորհրդակցություններին մասնակցում էին նաև Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը և Նիդերլանդների ԱԳՆ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Ադրիան Պալմը:

Խորհրդակցությունների ժամանակ կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական օրակարգի և տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ և դրանց անդրադարձը տարածաշրջանային կայության և անվտանգության վրա։

Անդրադարձ կատարվեց նաև միջազգային կազմակերպություններում երկկողմ փոխգործակցությանը, Հայաստանում ընթացող բարեփոխումներին ու դրանցում հոլանդական կողմի՝ որպես ավանդական աջակցի մասնակցության շարունակականության ապահովմանը վերաբերող հարցերին:

Փոխնախարար Կարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ – ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը, ՀՀ-ԵՄ համագործակցության ուղղությունները: Քննարկվեցին նաև Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներն ու Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության ազդեցությունը դրանց վրա:

Հոլանդական կողմի խնդրանքով, ԱԳ փոխնախարար Նազարյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունն ու խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցող զարգացումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում