Սվիտալսկին ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնգրի շուրջ բանակցություններն այս տարի ավարտին հասցնելու լուրջ հեռանկար է տեսնում

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ակնկալում է, որ ՀՀ-ԵՄ համագործակցության դրական դինամիկան կպահպանվի և նոր մակարդակի կհասնի: Հունվարի 24-ի լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում ԵՄ դեսպանն ընդգծեց, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը վերջնական տեսքի հասցնելու առումով լավ հեռանկարներ կան: «Շատ ծանր աշխատանք է իրականացվում թե մեր հայ գործընկերների կողմից, թե բրյուսելյան իմ գործընկերոջ կողմից: Թեպետ մենք հիմա հստակ ամսաթվերի մասին չենք կարող խոսել, բայց ես կարծում եմ, որ բանակցողները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը»,- նշեց Սվիտալսկին:

Նրա խոսքով` եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա 2017թ.բանակցություններն ավարտին հասցնելը էական հաջողություն կլինի: «Մենք նաև ակնկալում ենք, որ վերջնական տեսքի կբերվեն և կհստակեցվեն գործընկերության առաջնահերթությունների քննարկումները: Այդ առաջնահերթությունները կձևակերպվեն քաղաքականապես պարտադիր փաստաթղթում: Կձևակերպվեն Հայաստան-Եվրամիություն համագործակցության առաջնահերթությունները Հարևանության քաղաքականության շրջանակներում: Եվ այնտեղ մենք կքննարկենք և կձևակերպենք մեր համագործակցության հիմնական ուղիները»,- նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպա նը:

ԵՄ-ն նաև ակնկալում է, որ վերջնական տեսքի կբերվեն օժանդակության միասնական շրջանակի նոր քննարկումները: «Դա հատուկ փաստաթուղթ է, որով ձևակերպվելու են զարգացման ուղղությամբ համագործակցության առաջնահերթությունները մինչև 2020թ., ուստի մենք անհամբեր սպասում ենք, որ անցած տարվա այս լավ դինամիկան 2017թ. շարունակվի»,– նշեց Սվիտալսկին:

Նա հավելեց, որ նշված երեք փաստաթղթերի վավերացումը նոր որակ կհաղորդի ՀՀ-ԵՄ համագործակցությանը և հարաբերություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում