Սվիտալսկին անցած տարին հաջողված է համարում ՀՀ-ԵՄ համագործակցության համար

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին 2016 թ. հաջողված տարի է համարում Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու առումով: Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը Սվիտալսկին հիշեցրեց, որ անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ-ն ու ԵՄ-ն ստորագրել են համաձայնագիր 7 ծրագրերի վերաբերյալ, որոնք իրագործվելու են Հայաստանի մարզերում: «Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 9 միլիոն եվրո: Ծրագրերը իրականացվելու են Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում»,- նշեց Սվիտալսկին:

Նա կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը միացել է «Հորիզոն 20-20» և «Կոսմե» ծրագրերին, որոնք ԵՄ-ի համար էական կարևորություն ունեցող ծրագրեր են և վերաբերում են ստեղծագործական գործունեությանը: «Բացի դրանից, ինչպես գիտեք, Եվրոպական Միությունն օժանդակել է ընտրական պայմանավորվածությանը` համապետական հերթական ընտրություններին նախապատրաստվելու առումով: Եվրամիությունը հատկացրել է մինչև 7 միլիոն եվրո գումարի չափով օժանդակություն»,– նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց հայ գործընկերներին համագործակցության համար: Նա հավելեց, որ բարձր է գնահատում նրանց մասնագիտական կարողությունները և այն պատրաստակամությունն ու աշխատանքի ոգին, որ նկատվում է համատեղ գործունեության ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում