Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում քաղաքական պայքարը ընթանում է մի քանի շերտերով

Հայաստանում քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններից առաջ երկու բևեռների ձևավորման միտում ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Ներկայումս Հայաստանի քաղաքական դաշտը ձգտում է դեպի «երկբևեռացում»: Մի բևեռը «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունն է լինելու որպես իշխանակենտրոն ուժ, մյուսը` նոր ձևավորվող դաշինքը, որի հիմքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է և նրա շուրջ համախմբված քաղաքական միավորները»,- նշեց Մարգարովը: Ըստ նրա` կլինեն ուժեր, որոնց նպատակն է հաղթահարել խորհրդարանում մտնելու նվազագույն շեմը:

«Լինելու են նաև ուժեր, որոնք բազմիցս հնչեցնում են իրենց դիրքորոշումը, սակայն իրական ուժն ավելի քիչ է, քան այն աղմուկը, որն իրենք բարձրացնում են»,- ասաց Մարգարովը:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում ոչ առաջին անգամ քաղաքական պայքարը ընթանում է մի քանի շերտերով:

«Միշտ չէ, որ ընտրապայքարն ընթանում է «իշխանություն ընդդեմ ընդդիմություն» ձևաչափով: Եթե վերցնենք ընդդիմադիր դաշտը, ապա տեսնում ենք, որ քաղաքական պայքար է ընթանում ավելի ընդդիմադիր կամ ընդդիմության առաջնորդ դառնալու համար: Այս պայքարն ի վերջո թուլացնում է ընդդիմության դաշտը»,- ընդգծեց քաղաքագետը:

Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները` փետրվարի 16-26-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում