Հանրապետությունում գազով պայմանավորված արտակարգ դեպքերն ավելացել են

Հանրապետության գազալցակայաններում 2016 թվականին գազով պայմանավորված պայթյուններ չեն գրանցվել: Լրագրողների հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Շահգելդյանն ուրախությամբ արձանագրեց, որ այս ուղղությամբ տեսչակ ան ստուգումներն իրենց գործն արել են: «Տրանսպորտային միջոցներում գրանցվել են 3 պայթյուն, որոնց ընթացքում մեկ զոհ եւ երեք տուժած ենք ունեցել: Կարելի է արձանագրել, որ այս պայթյունները հիմնական գրանցվել են ոչ թե գազալցակայաններում հենց կայանի սարքավորումների, այլ տրանսպորտային միջոցներում առկա թերությունների պատճառով»,-ասաց Շահգելդյանը:

Նա ցավալի համարեց, սակայն, Հանրապետությունում գազով պայմանավորված դեպքերի ավելացումը: «Հանրապետությունում 2016 թվականին գազով պայմանավորված 474 դեպք է արձանագրվել, որոնցից հրդեհների թիվը կազմել է 154, պայթյուններինը՝ 8, թունավորումներինը՝ 312»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ թունավորումներից միայն 279-ի պատճառը եղել է շմոլ գազը:

ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը 2016 թվականից մեկնարկել եւ 2017 թվականին էլ ստուգումներ է իրականացնում հանրապետությունում գործող բենզա- եւ գազալցակայաններում: Երևան քաղաքի 58 բենզալցակայանում 2017 թվականին իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում թերությունների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ: Կազմված արձանագրությունների վերաբերյալ փետրվարի 1-ից կմեկնարկեն քննարկումներ, որոնց ընթացքում արդեն կորոշվի, թե ինչ վարչարարություն կիրականացվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում