Թուրքիան կառավարման նախագահական համակարգի կանցնի 2019 թվականից հետո

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեում դրական արդյունք լինելու պարագայում երկրում խորհրդարանական կառավարման համակարգը կպահպանվի մինչև 2019 թվական: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նու ման Քուրթուլմուշը:

Պատասխանելով հարցին, թե երբվանից է նախագահը վերականգնելու կապը կուսակցության հետ, եթե սահմանադրական հանրաքվեում հաղթի «այո»-ն, Քուրթուլմուշն ասել է. «Սահմանադրական առաջարկով նախատեսվում է, որ անցումը նախագահական համակարգին տեղի կունենա 2019-ի նախագահական ընտրություններով: Եթե հանրաքվեի արդյունքները դրական լինեն, խորհրդարանական համակարգը կպահպանվի մինչև 2019 թվականի ընտրությունները: 2019-ին նույն օրը կհրավիրվեն թե խորհրդարանի, թե նախագահի ընտրություններ:

Թուրքիայի մեջլիսը հավանություն է տվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) կողմից առաջարկված սահմանադրական փոփոխություններին, որոնք բաղկացած են 18 կետից: Դրանց հավանություն է տվել նաև ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը:

Խորհրդարանի կողմից հաստատումից հետո փաստաթուղթը պետք է ստորագրի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչից հետո այն կդրվի հանրաքվեի:

Ըստ հաստատված կարգի` Թուրքիայի նախագահի հաստատման համար նախատեսված է 15 օր, իսկ սահմանադրական հանրաքվեն պետք է տեղի ունենա նախագահի կողմից հաստատմանը հաջորդած 60-րդ օրվանից հետո ընկած առաջին կիրակի օրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում