Մոսկվայում ընթանում է Մեդվեդև-Կարապետյան հանդիպումը. քննարկվում են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, Դմիտրի Մեդվեդևը, ողջունելով Կարեն Կարապետյանին Մոսկվայում, նշել է, որ ՌԴ-ն Հայաստանի հետ ունի առանձնահատուկ, դաշնակցային հարաբերություններ, և, իհարկե, մշտապես կան քննարկելու հարցեր: «Կարևոր է, որ Ձեր այցի կապակցությամբ պատրաստվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ուղղված մեր համագործակցության զարգացմանը: Հույս ունեմ, որ դրանք կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը և մարդկային շփումներին: Մենք Ձեզ հետ կքննարկենք տնտեսական օրակարգը: Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած միջազգային միջավայրին, չնայած էներգակիրների գների փոփոխությանը, մի շարք այլ տնտեսական իրավիճակներին, մեր առևտրաշրջանառությունը կայուն է, իսկ եթե խոսենք Հայաստանից մեր երկիր արտահանման մասին, արտադրանքի մատակարարմանը, ապա նախորդ տարի տեսանք 70 տոկոսի աճ: Դա, իմ տեսանկյունից, Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու և մեր տնտեսական կապերի ամրապնդման արդյունքում է»,– ասել է Մեդվեդևը՝ ավելացնելով, որ կան նաև մի շարք այլ հարցեր և ներդրումային, և հումանիտար:

«Եկեք այդ ամենի մասին խոսենք: Սրտանց Ձեզ ողջունում եմ, մաղթում հաջող այց Ռուսաստանի Դաշնություն»,- նշել է ՌԴ վարչապետը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը Մոսկվա այցի հրավերի և ընդունելության համար: ՀՀ վարչապետն օգտվելով առիթից շնորհավորել է Մեդվեդևին «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ ամեն ինչ լավ կլինի: «Այսօրվա հանդիպումը լավ հարթակ է, որպեսզի քննարկենք համագործակցության ընթացքը»,- ասել է Կարապետյանը:

ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը պաշտոնական այցով ՌԴ-ում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում