Բրիտանիայի Գերագույն դատարանը կառավարությանը պարտավորեցրեց Brexit-ի համար ստանալ խորհրդարանի հավանությունը

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը կառավարությանը պարտավորեցրել է ստանալ խորհրդարանի հավանությունը Եվրամիությունից երկրի դուրս գալու շուրջը բանակցություններ սկսելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այս վճիռը հունվարի 24-ին հրապարակել է Միացյալ Թագավորության բարձրագույն դատական ատյանը՝ մերժելով նախարարների կաբինետի բողոքարկումը: Սույն որոշման օգտին քվեարկել են 11 դատավորներից ութը: Երեքը դեմ են քվեարկել: 

Դրանով իսկ Գերագույն դատարանը հավանություն է տվել Լոնդոնի Բարձր դատարանի վճռին, որը 2016 թվականի նոյեմբերին որոշել է, որ Եվրամիության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որը գործի է դնում միությունից երկրի դուրս գալու ընթացակարգը, չի արող գործել առանց Համայնքների պալատի հավանության: Այս վճռի դեմ Էլ կառավարությունը բողոքարկել էր, որը մերժվել է:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, դատավճռի հրապարակումից հետո երկրի գլխավոր դատախազ Ջերեմի Ռայթը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հիասթափված է Գերագույն դատարանի վճռից, որը որոշել է, որ Brexit-ի ընթացակարգը գործի դնելու համար անհրաժեշտ Է խորհրդարանի կողմից համապատասխան օրինագծի հավանությունը, բայց այն կկատարի:

«Անշուշտ, կառավարությունը հիասթափված է վճռից, բայց մենք բոլորս ենթարկվում ենք օրենքին, այնպես որ կառավարությունը կհետեւի Գերագույն դատարանի որոշմանը եւ ամեն ինչ կանի դրա իրագործման համար»,- ասել է Ռայթը լրագրողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում