Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են միջկառավարական չորս փաստաթուղթ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է երկկողմ չորս փաստաթուղթ, այդ թվում՝ քաղաքացիների՝ առանց վիզայի փոխադարձ այցերի համաձայնագրում փոփոխությունների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունը հունվարին վավերացրել է Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի համաձայնագրում փոփոխությունների նախագիծը, որով ՌԴ քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Այդ որոշումն ուղղված է զբոսաշրջային այցերի խթանմանը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ մինչ ամառ համապատասխան ներպետական ընթացակարգերը ավարտին կհասցվեն:

Բացի այդ, ՌԴ արդյունաբերության և առևտրի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրը և 2016-2021 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը:

Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ»-ի միջև ստորագրվել է միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության օպերատիվության բարձրացման և տեղեկատվության փոխանակման մասին արձանագրություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում