Ռուսական գազի մատակարարումները Հայաստան նվազել են 2,6 տոկոսով

2016 թվականին ռուսական գազի մատակարարումները Հայաստան նվազել են մինչև 1,87 միլիարդ խորանարդ մետրի՝ 2015 թվականի 1,92 միլիարդ խորանարդ մետրից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով angi.ru-ն, այդ մասին ասված է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման նյութերում:

«Հայաստանի գազամատակարարումը փաստացիորեն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից գազի մատակարարումներից, որոնք իրականացվում են Վրաստանի տարածքով: 2016 թվականին գազի մատակարարումները կազմել են 1,87 միլիարդ խորանարդ մետր (2015 թվականին՝ 1,92 միլիարդ խորանարդ մետր)»,– ասված է նյութերում:

Երկու երկրների փոխգործակցության կարևոր ոլորտների թվում գազի շուկայում համագործակցությունն է: Ընդհանուր առմամբ, «Գազպրոմը» Հայաստանի տարածքում գազաէներգետիկ նախագծերի ֆինանսավորման համար, այդ թվում՝ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի արդիականացումը և Իրան-Հայաստան գազատարի կառուցումը, ուղղել է մոտ 550 միլիոն դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում