Թրամփը եւ Մոդին քննարկել են ամերիկա-հնդկական հարաբերությունների ամրապնդումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են անցկացրել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունների ամրապնդումը եւ այս տարի Հնդկաստանի ղեկավարի այցը Միացյալ Նահանգներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: 

Նրա ներկայացուցիչների խոսքով՝ Թրամփն «ընդգծել է, որ Միացյալ Նահանգները աշխարհի հիմնախնդիրները լուծելիս Հնդկաստանին վերաբերվում են որպես հավատարիմ բարեկամի եւ գործընկերոջ»: «Նրանք քննարկել են ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի միջեւ համագործակցության ամրապնդման հնարավորությունները տարբեր ոլորտներում, ներառյալ տնտեսությունը եւ պաշտպանությունը»: Նրանք նաեւ խոսել են Հարավային ու Կենտրոնական Ասիայի անվտանգության մասին»,- հավելել են մամուլի ծառայությունում:

«Նախագահ Թրամփը հույս ունի վարչապետ Մոդիին ԱՄՆ-ում ընդունել այս տարի ավելի ուշ»,– ասված է Սպիտակ տան կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հայտնել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում