Գերմանիան նոր ղեկավարության կարիք ունի. Մարտին Շուլց

Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը, որը Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից հաստատվել է ԳՖՀ-ի կանցլերի թեկնածու, անվստահություն է արձանագրել եվրոպական եւ, մասնավորապես, գերմանական հասարակության շարքերում եւ խոստացել է հակազդել այդ գործընթացին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում: 

«Հասարակության մեջ լուրջ անհանգստություն է տիրում»,- ասել է քաղաքական գործիչը: «Մենք ցանկանում ենք նախընտրական պայքարը կազմակերպել այնպես, որ վերջիվերջո մենք՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, այս երկիրը կառավարելու մանդատ ստանանք: Այս դժվարին ժամանակենրում երկիրը նոր ղեկավարության կարիք ունի»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ ԳՍԴԿ-ի նախագահությունը Շուլցին հաստատել է կուսակցությունից կանցլերի պաշտոնի թեկնածու: Գերմանիայի փոխկանցլեր եւ Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնն այն բանից հետո, երբ այն կազատի գերմանական դիվանագիտության ներկայիս ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Էկոնոմիկայի նախարար կդառնա պետքարտուղար Բրիգիտե Ցյուպրեսը: Բոլոր որոշումները նախագահության կողմից ընդունվել են միաձայն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում