Մառախուղի տևողությունը 2017 թվականին եղել է 40 օր

Հունվարի սկզբին հայկական լեռնաշխարհի վրա ձևավորվեց անտիցիկլոն, որը դարձավ օդային պատնեշ, ինչն էլ արգելք հանդիսացավ բոլոր տեսակի տաք օդային հոսանքների և տեղումնաբեր օդային զանգվածների ներհոսքի համար դեպի Հայաստան։

Այս մասին ասաց Հայաստանի հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Ըստ մեր վիճակագրական հետազոտության, 2017 թվականն այն հազվագյուտ տարիներից է, որ մառախուղի տևողությունը եղավ 40 օր։ Այսպիսի դեպք 100 տարվա մեջ եղել է հինգ տարի՝ 1932, 1953, 1964, 1972, 2013 և 2017 թվականներին»,- ասաց Սուրենյանը։

Նրա խոսքով՝ այս ամենի արդյունքում Արարատյան դաշտում՝ նախալեռնային գոտում և Երևանում շարունակական գրանցվել են մառախուղ և սառնամանիքային եղանակներ։ Հունվար ամսվա ընթացքում եղել են բազմաթիվ տաք օդի ալիքներ, որոնք չեն անդրադարձել Արարատյան դաշտի վրա, բայց հանրապետության շրջաններում բերել են ջերմաստիճանի կտրուկ բարձրացումներ։

«Ունեցել ենք օրեր, երբ Սյունիքի հովտային գոտում՝ Կապան-Ագարակ հատվածում, օդի ջերմաստիճանը հասել է մինչև +17 աստիճանի, Իջևանի, Բերդի, Բագրատաշենի հատվածներում հասել է մինչև +15, նույնիսկ լեռնային շրջաններում՝ Մարտունիում, Գավառում, Ապարանում, Ջերմուկում ցերեկային ժամերին +4 – +5 աստիճանի։ Քանի որ Արարատյան դաշտը գտնվում էր լճացած սառը օդի մեջ, այդ հատվածը որևէ կերպ չի արձագանքել տաք օդային հոսանքների ներթափանցմանը»,- նշեց նա։

Հայաստանի հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի խոսքով՝ Թուրքիայում նկատվեցին աննախադեպ ձյան առատ տեղումներ, բայց քանի որ օդային պատնեշը արգելք հանդիսացավ, տեղումնաբեր օդային հոսանքները չներթափանցեցին մեր երկիր։ Մինչև օրս հանրապետության տարածքում լուրջ տեղումներ չեն արձանագրվել։

Սուրենյանի պնդմամբ՝ սխալ կլինի ասել, թե Արարատյան դաշտում խիստ ցուրտ ձմեռ է արձանագրվել, քանի որ այդպես է համարվում, երբ ջերմաստիճանը ամսվա ընթացքում հիմնականում տատանվում է -20-25, իսկ առանձին օրերին մինչև -30 աստիճանի սահմաններում։

Հունվարի 1-ից մինչ օրս ամենացածր ջերմաստիճանը, որը գրանցվել է Երևանում և Արարատյան դաշտում, եղել է -18 աստիճան, այն էլ ընդամենը մեկ օր, իսկ մնացած օրերին գիշերային ժամերին տատանվել է -12-13-ի սահմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում