Ապրիլին վիրավորված զինծառայողներից 3-ը շարունակում են վերականգնողական բուժում ստանալ

2016 թվականին ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողներից 3-ը շարունակում են վերականգնողական բուժում ստանալ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

«Ապրիլյան պատերազմի հետևանքով Երևանի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 9 զինծառայող: Նրանք հիմնականում վիրավորում էին ստացել գլխի, ողնաշարի շրջանում: Ներկայում նրանցից 3-ը վերականգնողական բուժում է ստանում: Երկուսը մեր Զինվորական կենտրոնական հոսպիտալում են, 1-ը` «Արթմեդ» բժշկական կենտրոնում: Նրանցից բացի ևս 6 հոգի կարիք ունեն շարունակական վերականգնողական բուժման»,-ասաց Կամավոր Խաչատրյանը: Նրա տեղեկացմամբ, վիրավոր զինծառայող Ավետիս Զարգարյանը առաջիկա օրերին կտեղափոխվի Մոսկվա՝ բուժումը շարո ւնակելու:

Կառավարության կողմից կա որոշում, համաձայն որի, մարտական հերթապահության ժամանակ վիրավորված ցանկացած զինծառայող, որի բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում, կարող է պետական հովանու ներքո շարունակել արտերկրի ցանկացած կլինիկայում:

Արտերկրում բուժում ստացող զինծառայողներ Ռուբեն Առաքելյանի և Արման Լյազգյանի առողջական վիճակի հետ կապված՝ Կամավոր Խաչատրյանը նշեց, որ զգալի փոփոխություններ դեռ չկան:

«Ասել, որ Գերմանիա տեղափոխվելով լուրջ հաջողություններ են գրանցվել, այդպես չէ: Ի դեպ, քննադատություններ հնչեցին Հայաստանի բժիշկների հասցեին: Ես հստակ կարող եմ մի բան ասել. այնպես չէ, որ մենք մեր գործը չգիտենք կամ նորմալ չենք կատարում: Նրանցից շատերը կյանքի հետ անհամատեղելի վիրավորումներ են ունեցել, նրանց կյանքը փրկվել է հենց Հայաստանի բժշկական հիմնարկներում»,-ասաց Կամավոր Խաչատրյանը:

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը ունեցել են 125 վիրավոր, ևս 34 հոգի վիրավորվել են հաջորդող օրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում