Հայաստանը ֆանտաստիկ և հյուրընկալ երկիր է. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանը զբոսաշրջության համար շատ հետաքրքիր, բայց այդ առումով թերագնահատած երկիր է համարում: Ռուսական «Միր- 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետն ընդգծել է, որ մարդիկ Հայաստանի մասին քիչ բան գիտեն:

«Առաջին հերթին մենք առաջին ազգն ենք, որը Քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Մեր ազգը մոտ 6 հազար տարվա պատմություն ունի, և մենք դրա ապացուցված փաստերն ունենք, որոնք հիմնված են պեղումների վրա։ Մենք 1000 տարով ավելի հին ենք, քան Քեոփսի բուրգը։ Այս փաստը պետք է հիշել։ Երևանը մոտ 2800 տարեկան է։ Այսինքն՝ 50 տարով ավելի հին, քան Հռոմը։ Մենք առհասարակ ֆանտաստիկ երկիր ունենք և շատ հյուրընկալ ենք։ Ես կառանձնացնեի ևս մի գիծ, որով առանձնանում է հայ ժողովուրդը։ Դա երախտագիտության զգացումն է»,- ասել է Կարապետյանը:

Վարչապետն անդրադարձել է հունվարի 24-ին Մոսկվա կատարած այցի շրջանակում ստորագրված համաձայնագրին, որով ՌԴ քաղաքացիները հնարավորություն են ստանում Հայաստան այցելել ներքին անձնագրերով: «Ռուսաստանի քաղաքացիներին ներքին անձնագրերով շրջելու հնարավորություն տալը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի միջեւ զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում