Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Քեմերոնը գլխավորել է դեմենցիայի հետազոտման ինստիտուտը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը դարձել է Alzheimer՚s Research UK բրիտանական հետազոտական ինստիտուտի նախագահը, որն զբաղվում է դեմենցիայի եւ Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Telegraph թերթը:

Քեմերոնը դեմենցիայի ուսումնասիրությանը շատ ժամանակ էր հատկացնում դեռեւս իր վարչապետության օրոք: 2012 թվականին նա գործարկել է Dementia Challenge ծրագիրը, որը կոչված էր մինչեւ 2025 թվականը գտնել հիվանդությունից ազատվելու միջոցը:

«Ես շատ ուրախ եմ՝ ստանձնելու Alzheimer՚s Research UK-ի՝ հավակնոտ բարեգործական ինստիտուտի նախագահությունը, որը խթանում է բժշկական ուսումնասիրություններն այս քայքայիչ վիճակի դեմ պայքարում»,-հայտարարել է Քեմերոնը:

Դեմենցիային են դասվում տարբեր դեգեներատիվ հիվանդություններ, որոնք հրահրում են ուղեղի ֆունկցիայի աստիճանական թուլացում: Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված ձեւն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումներով՝ 2016 թվականի ապրիլի դրությամբ ամբողջ աշխարհում դեմենցիայից տառապում էր 47,5 մլն մարդ, եւ տարեկան հայտնվում է հիվանդության 7,7 մլն նոր դեպք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում