Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Սպիտակ գիրք՝ Brexit-ի ծրագրով

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Սպիտակ գիրք, որում խորհրդարանի համար կշարադրի Եվրամիության կազմից երկրի դուրս գալու իր ծրագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում:

«Անցած շաբաթ ես համարձակ պլան ներկայացրի Մեծ Բրիտանիայի կողմից գլոբալ կարգավիճակի հասնելու համար: Ես տեսնում եմ, որ այս պալատում հետաքրքրություն կա այն բանի նկատմամբ, որ այդ ծրագիրն արտացոլվի Սպիտակ գրքում»,- ասել է Մեյը: «Ես կարող եմ պալատի անդամների առջեւ հավաստել, որ մեր ծրագիրը կշարադրվի Սպիտակ գրքում»,- ընդգծել է նա:

Սպիտակ գիրքը պաշտոնական կառավարական հրատարակություն է, որն ընկած է օրենսդրական փաստաթղթի նախապատրաստման հիմքում:

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը նախօրյակին պարտավորեցրել է կառավարությանը՝ ապահովել խորհրդարանի աջակցությունը, նախքան ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցություններ սկսելը:

Մեյը չի ճշտել, թե երբ այդ օրինագիծը կներկայացվի պատգամավորների քննարկմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում