ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել մամուլի նկատմամբ ճնշումները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցում անդրադառնալով Ադրբեջանին` ԵԽԽՎ-ն կոչ է արել վերջ տալ մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

Զեկույցի` Ադրբեջանին նվիրված հատվածում շեշտվել են այդ երկրում մամուլի ազատության վատթարացումը, լրագրողների և բլոգերների նկատմամբ իրականացվող ինտենսիվ հետապնդումներն ու ճնշումները:

ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Ազատություն ռադիոկյանի ադրբեջանական մասնաճյուղի հետ կապված քննությունը և Meydan TV-ի դեմ բացված քրեական գործը, վերացնել Meydan TV-ի աշխատակիցների` երկրից դուրս գալու արգելքը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը Ստրասբուրգում մեկնարկել է հունվարի 23-ին և ավարտվելու է հունվարի 27-ին:

Նստաշրջանին չեն մասնակցում Ադրբեջանի պատգամավորներ Էլհան Սուլեյմանովը և Մուսլում Մամմեդովը, ովքեր մեղադրվում են ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեի հետ կոռուպցիոն գործարք իրականացնելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում