Գերմանական KfW բանկը փորձագետներ կներգրավի Վանաձորում աղբահանության ծրագրի համար

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունվարի 25-ին ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KfW) փոխնախագահ, Կովկասի, Միջին Ասիայի, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի հարցերով տարածաշրջանային տնօրեն Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարա ծքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման նպատակն էր քննարկել «Վանաձորի կոշտ կենցաղային աղբի կառավարման» ծրագիրը: Տիկին Վիտտը գոհունակությամբ է նշել, որ նախորդ տարի Հայաստան այցելած KfW բանկի առաքելությունն իրականացրել է ծրագրի դրական գնահատում, և նախարարին խնդրել է ներկայացնել վերջերս ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ 2017-2036թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը:

Նախարար Լոքյանն ընդգծել է, որ փաստաթղթի ընդունմանը նախորդել է ակտիվ քննարկումների փուլ բնապահպանական կառույցների, մարզպետարանների և համայնքապետարանների ներկայացուցիչներ հետ: Փաստաթղթի մշակման գործում նախարարը կարևորել է նաև եվրոպացի փորձագետների խորհրդատվությունն ու տեխնիկական օժանդակությունը, ինչը, նրա խոսքով, թույլ կտա հանրապետության ողջ տարածքում ստեղծել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ԵՄ չափանիշներին բավարարող, ինտեգրված համակարգ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Վանաձորում աղբահանության ծրագրի իրականացմանն ուղղված մեխանիզմների ներդրման հարցը: Բանկը պատրաստակամություն է հայտնել ծրագրի իրականացման և տեխնիկական աջակցության համար ապահովել փորձագետների ներգրավումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում