New York Times-ն իմացել է ՄԱԿ-ի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի պլանների մասին

Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստում է փաստաթղթեր, որոնք էապես կսահմանափակեն ԱՄՆ-ի մասնակցությունը ՄԱԿ-ին եւ մյուս միջազգային կազմակերպություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին գրել է New York Times-ը՝ վկայակոչելով որոշումների նախագծերը, որոնք ձեռք է բերել խմբագրությունը: 

Մասնավորապես, ենթադրվում է այն կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցումը, որոնք իրենց անդամ են ճանաչում Պաղեստինի Ինքնավարությանը, գործում են ԿԺԴՀ-ի եւ Իրանի դեմ պատժամիջոցների շրջանցմամբ, ինչպես նաեւ հանդես են գալիս աբորտների պաշտպանությամբ:

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի կողմից միջազգային կազմակերպությունների ֆինանսավորումը պետք է կրճատվի 40 տոկոսով, նշել է հրատարակությունը: Եթե նախագիծն ընդունվի, դա զգալիորեն կազդի ՄԱԿ-ի գործունեության վրա, որն ամեն տարի բազմամիլիոն վճարներ է ստանում ԱՄՆ-ից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում