ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամը հանդիպում է ունեցել Ասադի հետ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբարդը, որին ավելի վաղ դիտարկում էին որպես նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հանգուցային պաշտոններից մեկի թեկնածու, Սիրիայում ուղեւորության ընթացքում հանդիպում է ունեցել երկրի նախագահ Բաշար Ասադի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հունվարի 25-ին պատմել է CNN-ին տված հարցազրույցում: 

«Երբ հնարավորություն եղավ հանդիպել Ասադի հետ, ես դա արեցի, քանզի կարծում եմ կարեւոր է՝ եթե մենք հայտարարում ենք, որ մեզ իսկապես հուզում են սիրիական ժողովրդի տառապանքները, մենք պետք է պատրաստ լինենք հանդիպել ում հետ ասես, եթե դա անհրաժեշտ Է խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է Գաբարդը:

Կոնգրեսի անդամը նշել է, որ, անկախ վերաբերմուքից, Ասադը մնում է Սիրիայի նախագահը: «Հանուն ցանկացած խաղաղ համաձայնության, հանուն խաղաղ համաձայնագրի հասնելու ցանկացած հնարավորության հարկավոր է նրա հետ երկխոսություն վարել»,- ընդգծել է ԱՄՆ-ի կոնգրեսականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում