Թուրքիայի մեջլիսի` Հայոց ցեղասպանությունը ճանաչած պատգամավորն ազատ է արձակվել

Հայոց ցեղասպանությունը ճանաչած Դիարբեքիրի նախկին քաղաքապետ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Օսման Բայդեմիրն ազատ է արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Բայդեմիրը ձերբակալվել էր հունվարի 25-ին և տարվել դատարան` «Քրդստանի հասարակությունների միության» (KCK) գործով ցուցմունք տալու:

Ազատ արձակվելուց հետո նա հայտարարել էր, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալությունները իշխող կուսակցության կողմից սկսված պայքարն է երկրում սահմանադրական փոփոխությունների անցկացման համար:

Ազատ են արձակվել նաև նույն գործի շրջանակում ձերբակալված մյուս պատգամավորները` Ահմեթ Յըլդըրըմը և Իմամ Թաշչըէրը:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման ա նդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում