Մեքսիկայի նախագահը դատապարտել է արգելապատ կառուցելու ԱՄՆ-ի որոշումը

Մեքսիկան չի վճարի ԱՄՆ-ի հետ սահմանին արգելապատի կառուցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ի երեկոյան ազգին հղած տեսաուղերձում հայտարարել է լատինամերիկյան երկրի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն: Նույն օրն ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին «խոշոր ֆիզիկական պատնեշ» կառուցելու մասին եւ հայտնել, որ գործընթացը «կսկսվի անհապաղ»: 

«Ափսոսանք եմ հայտնում եւ դատապարտում եմ արգելապատի շինարարությունը շարունակելու ԱՄՆ-ի որոշումը: Ես քանիցս հայտարարել եմ, որ Մեքսիկան չի վճարելու որեւէ պատի համար»,-ասել է Պենիա Նիետոն:

Ներկայում Վաշինգտոնում է գտնվում Մեքսիկայի պատվիրակությունը, որը գլխավորում են երկրի Էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարները: ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ նրանց հանդիպումների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել: Հունվարի 31-ին պլանավորված է Մեքսիկայի նախագահի այցը հարեւան պետություն եւ նրա հանդիպումը Թրամփի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում